Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

«Օրերս ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է ընդհանուր 970 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ առաքանու հասցեատերը այն պետք է ստանա «ՕՆԷՔՍ»-ի առաքանիների ստացման պահոցից: Այդ պահոցի նկատմամբ սահմանվել է 24-ժամյա հսկողություն: Արդյունքում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է: Պարզվել է, որ նշված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացնելու տելեգրամյան հարթակում: Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված թմրամիջոցները պետք է վերցնեին Վանաձոր-Ստեփանավան թունելի հարակից հատվածից։

Կատարվել է նշված հատվածի դարանակալում, որի ընթացքում պարզվել է թմրամիջոցները ձեռք բերող անձանց ինքնությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներգրավվել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ: Նրանց աջակցությամբ թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով Ստեփանավան քաղաքի հասցեներից մեկում ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի, որտեղ վերջիններս ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ու նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում` ձերբակալվել:

Ներկայում Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա