Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ ԶԼՄ-ներում շրջանառվող Walnort Finance Limited-ի ներկայացրած իրավական վեճի վերաբերյալ տեղեկությունների մասին

Վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառվող՝ Walnort Finance Limited-ի կողմից ներկայացված իրավական վեճի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է, որ նշված ընկերության կողմից 2023 թ․ հոկտեմբերի 16-ին ստացվել է իրավական վեճի մասին ծանուցում, իսկ ս․թ․ հունիսի 3-ին՝ վեճն արբիտրաժի միջոցով լուծելու վերաբերյալ ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ներքո: Արբիտրաժային ծանուցմամբ ներկայացված ենթադրյալ խախտումները, պահանջը և դրա չափը հիմնավորող բոլոր փաստարկներն ու ապացույցները պետք է սահմանված կարգով քննվեն արբիտրաժային վարույթի շրջանակներում։
«Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը դեռ պետք է ներկայացնի իրավական դիրքորոշում՝ ի պատասխան ներկայացված պահանջների: Նման արբիտրաժային վարույթներ առաջին անգամ չեն ընթանում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ, և Գրասենյակը շարունակում է ապահովել Հայաստանի Հանրապետության պատշաճ պաշտպանությունը նմանատիպ գործընթացներում՝ այդ թվում միջազգային իրավախորհրդատուների ներգրավմամբ:
Ըստ այդմ՝ հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին՝ հաշվի առնելով, որ այլ աղբյուրներից հաճախ ներկայացվում է արբիտրաժային վարույթին չվերաբերող, չճշտված, վիճելի և միակողմանի տեղեկատվություն»,- նշված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ։

Related posts

Թմրամիջոցների շրջանառության և դրանից ստացված շուրջ 28 մլն դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել

Ահազանգ՝ Շիրակ օդանավակայանում ռումբի մասին․ դեպքի վայրում են ոստիկանները

Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ