ՄԻՊ-ը ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում՝ ևս մեկ անգամ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը:
«Պաշտպանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ բժշկական օգնության կազմակերպման համակարգային խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս նկատմամբ ստացիոնար, ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ նախաձեռնելու գործընթացում: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես, առողջության պահպանման և կյանքի իրավունքի համար պատասխանատվություն է կրում պետությունը:
Ազատությունից զրկված անձանց իրավունքների, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ կապված արձանագրված խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է անդրադառնում ինչպես տարեկան զեկույցներում, այնպես էլ իրավասու մարմինների հետ քննարկումների և հրապարակային հայտարարությունների շրջանակներում:
Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ազատությունից զրկման վայրերում պետք է ցուցաբերվի պատշաճ հսկողություն, մատուցվի հոգեբուժական բավարար օգնություն և սպասարկում:
Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների յուրաքանչյուր դեպք գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում, դրանց վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվում են պարզաբանումներ»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Հաղարծնի վանքում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

«Վատ տղաները»՝ սիրո ու ընտանեկան խառնաշփոթի մասին