Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:

«Ուրախ եմ ողջունել ձեզ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Այսօրինակ միջոցառումները սպասված և ուրախալի հերթական առիթն են միմյանց հանդիպելու, մեր առջև կանգնած խնդիրները բացահայտելու և միասնական ջանքով դրանց լուծումներ գտնելու համար: Սփյուռքը մեր երկրի և մեր քաղաքացիների հարստությունն է՝ իր բազմազանությամբ, դերակատարությամբ ու հնարավորություններով, և համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետությունն աշխարհասփյուռ հայության տունն ու հանգրվանն է՝ անկախ ժամանակից, իշխանություններից, ներքին ու արտաքին զարգացումներից:

Մեզ համար միշտ կարևոր է Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումների յուրաքանչյուր առիթ՝ ձեզ մտահոգող ու հուզող խնդիրներին առավել հանգամանալից ծանոթանալու տեսանկյունից: Այն նաև հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած արդի մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, մեր երկրի առաջընթացին ու զարգացմանն առնչվող հարցեր:

Ժամանակի և մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների անկասելի ընթացքի մեջ, երբ մենք ականատես ենք արագընթաց զարգացումների, տեխնոլոգիաների, գիտության, հաղորդակցության և անգամ աշխարհակարգերի փոփոխությունների, որոնք առաջադրում են նոր մարտահրավերներ և պահանջում նոր լուծումներ ու սկզբունքներ, երբեմն հրամայական է դառնում խմբագրել ավանդական հարաբերություններին ու աշխատակարգերը: Այս առումով միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է: Ես շատ հաճախ, Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումներում ասում եմ, որ նրանք մեր երկրի դեսպաններն են ամբողջ աշխարհում, ուստի՝ եթե պատկերավոր ասենք՝ ի դեմս ձեզ Հայաստանն ունի աշխարհում ամենամեծ դիվանագիտական ապարատը, քանի որ լինելով ձեր երկրների արժանավոր և պատասխանատու քաղաքացիներ, դուք միաժամանակ ներկայացնում եք նաև այսօրվա Հայաստանը, մեր մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը:

Այսօր մենք կանգնած ենք պատմության առանցքային փուլում՝ արմատական փոփոխությունների, նոր հարաբերությունների և հնարավորությունների ժամանակաշրջանում: Չնայած բոլոր առկա խնդիրներին, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության դարաշրջան հաստատելու իր հանձնառությանը:

Մենք ձեռնամուխ ենք եղել համընդգրկուն բարեփոխումների իրականացման՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, երկրի պաշտպանունակության բարձրացմանը, տնտեսական մրցակցային և գրավիչ միջավայրի ձևավորմանը, երկրում արդարադատության հաստատմանը, քաղաքացիների կյանքի որակի, բարեկեցության բարելավմանը: Այս բարեփոխումներն այն հիմքն են, որի վրա կառուցում ենք ավելի անվտանգ, արդար, բարգավաճ, ներառական և հզոր Հայաստան։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք բախվում ենք մարտահրավերների, որոնք ստուգում են մեր վճռականությունը, ուժն ու ճկունությունը: Ձեր ներգրավվածությունը չափազանց կարևոր է՝ լինի դա մշակութային նախաձեռնությունների, կրթական ծրագրերի կամ ներդրումների միջոցով:

Հավատացած եղեք, որ հեռավորությունը չի կարող նվազեցնել մեր ընդհանուր կապը, ձեր ձայնը լսելի է, ձեր գործողությունները կարևոր են, և մենք միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որը կարտացոլի մեր հավաքական ձգտումները»:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար