Միայն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում է հնարավոր հասնել տևական խաղաղության. Արա Այվազյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդգծում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից:  ՀՀ ԱԳ նախարարն այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ միայն այդ դեպքում հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության,  և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին:

Related posts

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան