Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը

Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, քանի որ խաղաղությունը դեռևս անշրջելի չէ։ Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ա. Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղություն, ավելի ճիշտ՝ ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չէ և վերջնականապես ինստիտուցիոնալացված չէ, այսինքն՝ դեռևս անշրջելի չդարձած խաղաղությունն Ադրբեջանի հետ միանշանակ և աներկբայորեն սպառնալիք է ՀՀ-ի համար։

Բ. Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև ունենալ անմիջական հարևան և հարևանի հետ ունենալ փակ սահման, առնվազն տնտեսական սպառնալիք է: Չունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ, առնվազն դիվանագիտական սպառնալիք է»,- ասաց նա:

Ըստ Ռուբինյանի՝ կան նաև այլ սպառնալիքներ՝ բավարար չդիվերսիֆիկացված տնտեսական, անվտանգային կապեր, էներգետիկ ռեսուրսների աղբյուրների և տրանզիտի ճանապարհների բավարար չդիվերսիֆիկացված վիճակ և այլն:

«Բայց ո՞րն է մեր և ձեր տարբերությունը (դիմում է «Հայաստան» դաշինքի պատգամավորներին-խմբ.): Մենք տեսնում ենք սպառնալիք, մենք ուզում ենք վերացնել այդ սպառնալիքը, չեզոքացնել: Տեսնում ենք՝ չկա անշրջելի խաղաղություն Ադրբեջանում, ուզում ենք այնպես անել, որ լինի անշրջելի: Տեսնում ենք, որ դեռ 100 տոկոսով ինստիտուցիոնալացված չէ, ուզում ենք ինստիտուցիոնալացնել:

Թուրքիայի հետ տեսնում ենք փակ սահմանը, տեսնում ենք, որ սպառնալիք է տնտեսվարողների համար, բանակցում ենք, որ գանք որևէ լուծման, ընթացքում էլ քայլ-քայլ առաջ ենք գնում:

Մեր և ձեր տարբերությունը դա է: Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը: Դաշնակցության պատմությունը՝ 1920-ից սկսած, մի պատմություն է սպառնալիքները կթելու մասին»,- ասաց նա:

Related posts

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը

Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ