Մենք աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարմանը. Ռումինիայի ԱԳ նախարար


Այսօր կայացել է Հայաստանի և Ռումինիայի արտգործնախարարներ Միրզոյանի ու Աուրեսկուի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ռումինիայի արտաքին քաղաքականության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին:

Այն հարցին, թե Բուխարեստն ինչպես է գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը, որն անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը վերաբացելու վերաբերյալ, արտգործնախարար Աուրեսկուն նշել է, որ Ռումինիան այն երկրներից մեկնէ, որը հարգում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, և միջազգային օրենքն ընկած է երկրի արտաքին հարաբերությունների կոնցեպցիայի հիմքում:

– Մեր երկրում ոչ թե տեսականորեն, այլ գործնականում է կարևորվում միջազգային արդարադատությունը: Մենք աջակցում ենք Միջազգային դատարանի որոշումների կատարմանը, քանի որ այդ ատյանը կարևոր գործոն է վիճելի հարցերը կարգավորելու համար:

Երկրորդ հարցը վերաբերում էր էներգետիկ համագործակցությանն Ադրբեջանի հետ, որն ագրեսիվ քաղաքականություն է վարում հարևան Հայաստանի նկատմամբ: «Արդյոք էներգիայի գործոնը չի՞ ստվերում հարգանքը մարդու իրավունքների միջազգային պաշտպանության հանդեպ»,- հարցրել են Աուրեսկուին:

Ռումինիայի արտգործնախարարը նշել է. «Էներգետիկ համագործակցությունը շատ կարևոր թեմա է, և մենք դա քննարկել ենք արտգործնախարարի հետ: Ինչպես գիտեք, այժմ շատ է կարևորվում էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման հարցը: Դա հնարավորություն է տալիս ազատվելու էներգետիկ որոշակի կախվածությունից մեզ հետ ոչ համախոհ պետություններից: Այդ նպատակով միասին որոնում ենք, քննարկում ենք էներգիայի այլ ուղիներ, այն դրա կարիքն ունեցող եվրոպական երկրներ առաքելու հնարավորությունները: Մենք Հունգարիայի և Վրաստանի հետ սկսում ենք նոր ծրագիր Ադրբեջանից էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ: Դեկտեմբերին պայմանագիր կնքեցինք և այժմ զբաղվում ենք դրա իրականացման հարցով Եվրահանձնաժողովի աջակցությամբ»,- ասել է արտգործնախարարը:

Երրորդ հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, Ռումինիան մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի տարածքում, ԵՄ դիտորդական առաքելության ստեղծման մասին որոշում ընդունելու գործընթացին:

2021 թվականի հունիսին այցելեցինք Հարավային Կովկասի երեք երկիր, և այցի արդյունքներով պատրաստեցինք առաջարկներ, և դրանցից մեկը հենց ԵՄ դիտորդական առաքելության ստեղծման գաղափարն էր՝ Վրաստանում դիտորդական առաքելության օրինակով: Ուրախ եմ, որ այդ առաջարկը կյանքի է կոչվել:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ստեղծումը Ռումինիայի առաջարկն է եղել: ԵՄ ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը պայմանավորվել ենք նաև գարնանը կայանալիք հանդիպմանը քննարկել Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանների երկարատև հակամարտությունները: Ժամանակն է այս հարցը բերել ԵՄ խորհրդի ակտիվ օրակարգ, քանի որ կա հետաքրքրություն և հնարավորություն առավել մեծ ներգրավվածություն և դերակատարում ունենալ տարածաշրջանում:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան