Մեկ օրում ստուգված 48 կազմակերպություններից 14-ում իրացվել է ոչ սպանդանոցային միս. վերահսկողությունը խստացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչները սեպտեմբերի 5-ից խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում են սկսել Հայաստանի ողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման ցանցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնից, իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 48 կազմակերպություն, որոնցից 14-ում միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 521 կգ մսի վաճառքը:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 10-ից մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 20 օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության ընթացքում առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող 6 մայրուղիներում (Աբովյան-Երևան, Աշտարակ-Երևան, Էջմիածին-Երևան, Արարատ-Երևան, Զովունի-Երևան և Ջրվեժի խճուղիներ) կանգնեցվել և ստուգվել է մոտ 4500 մեքենա, ինչի արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, կասեցվել է մոտ 7000 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաներ մուտք գործած տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել է 17 արձանագրություն, կասեցվել մոտ 4700 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաների մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 2 արձանագրություն և կասեցվել մոտ 150 կգ մսեղիքի վաճառքը: Այս պահին իրականացվում է 44 վարչական վարույթ:

«Այսօրվանից՝ սեպտեմբերի 5-ից, խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել հանրապետության ողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման ցանցում:
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 48 կազմակերպություն, որոնցից 14 ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 521 կգ մսի վաճառքը: Մանավորապես՝

Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 68 կգ (27 կգ խԵԿ, 8 կգ ՄԵԿ, 33 կգ խոզ) մսի իրացումը,
Արագածոտն – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արարատ – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 61 կգ (47 կգ ԽԵԿ,14 կգ խոզ) մսի իրացումը,
Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 14 կգ ԽԵԿ-ի իրացումը,
Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 90 կգ (50 կգ խԵԿ, 40 կգ խոզ) մսի իրացումը,
Լոռի – ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Կոտայք – ստուգվել է 8 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 277 կգ (158 կգ խԵԿ, 19 կգ ՄԵԿ,100 կգ խոզ) մսի իրացումը,
Շիրակ – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Սյունիք – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Վայոց Ձոր – ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 11 կգ խոզ մսի իրացումը,
Տավուշ – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել»,- հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան