Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

2023 թվականի հուլիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 36 հաղորդում, որից 21-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 18-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից:

«Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման շուրջ 12 դեպք։ Դրան նպաստել է «Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառումը:

Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 4 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։

Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է նաև գույքի դիտավորությամբ ոչնչացման և խարդախության մեկական դեպքեր: ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցված խուլիգանություն բնութագրմամբ մեկ դեպքի բացահայտման ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:

Հուլիսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մարտակերտի շրջանում: Աղաբեկալանջ գյուղի բնակչուհին ոստիկանություն է դիմել, որ իր երկու անչափահաս երեխաներին թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։

Ոստիկանության և փրկարար ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 8-ին երեխաները հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքում, ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում:
Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։ Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

Հուլիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ բացելով Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող քաղաացիական 3 անձի ուղղությամբ: Իսկ հուլիսի 7-ին ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական դիրքերից կիրառելով 60մմ տրամաչափի ականանետ՝ դիտավորությամբ փորձել են հրկիզել Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի դաշտերը:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Հուլիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 8 արձանագրություն: Տեղի է ունեցել ՃՏ 2 պատահար, որից մեկը մարմնական վնասով: Պատահարներից 1 անձ դիմել է բուժհաստատություն։ Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 2 վարորդ:

ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ԼՂ տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել