Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը. Նիկոլ Փաշինյան

Երեկ մինչ ուշ երեկո Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում. այդ մասին Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց՝ երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն:

«Կառավարության նախորդ նիստում ունեցած ելույթում ես բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր ունեցած նկատառումները, և տեղյակ եք, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,- ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ այդ հարցերն են ընդգրկված խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա:

«Իհարկե, ինչպես նախկինում, մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավվածությունը և պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան