Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետը

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բարձր պարգևներ և կոչումներ ստացած գործիչներին և մաղթել հաջողություններ:

Նախագահն իր խոսքում ասել է.

«Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհավորել այսօր պետական բարձր պարգևներ և կոչումներ ստացած մեր գործընկերներին:

Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում և մեր պետությունն ունի բոլորիս անձնվեր ու անխոնջ աշխատանքի կարիքը: Մեզանից յուրաքանչյուրն իր ոլորտում հարկ է, որ անի հնարավորությունների առավելագույնը, որպեսզի միասնական ջանքով կարողանանք դիմագրավել մեր պետության և ժողովրդի առջև առկա մարտահրավերներին:

Իսկ պետության կամ պետական պաշտոնյաներիս կարևոր գործառույթներից մեկն է արժանին մատուցել իրենց գործի նվիրյալներին, պարգևատրել ու խրախուսել, քանի որ նրանց աշխատանքը ոգևորում է բոլորիս, ուժ ու հավատ է ներշնչում և մղում է նորանոր հաջողությունների:

Այսօր պարգևատրվածներին միավորում է մեկ բան՝ դուք բոլորդ ձեր գիտելիքները, ունակություններն ու կարողություններն օգտագործում եք հանուն և ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման և այս գործում հավասարապես կարևոր են թե գիտնականի, թե զինվորական և թե պետական պաշտոնյայի կամ սպորտսմենի աշխատանքը:

Հարգելի ներկաներ,

Օգտվելով առիթից շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ, մաղթում բոլորիս ընտանիքներին անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորության ու բարօրության»:

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ