Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են. Փաշինյան

ԱԺ-ում ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են:

«Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում կորուստները, և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի:

Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են ինձ մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը շարունակվել է մինչև լուսաբաց: Քննարկման, նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին, այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ:

Դիմել ենք նաև ՌԴ-ին 1997 թվականի Բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա, որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ գիշերվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Իրանի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի, Եվրամիության խորհրդի նախագահի հետ:

«Մենք հիմա այս ուղղություններով աշխատում ենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կայունացնենք»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին