Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։

Օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե եկեղեցում կատարվեց Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նախատոնակ, որից հետո կատարվեց տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգակցության ներքո Սուրբ Գայանե եկեղեցու Խորանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:

Նախատոնակից հետո հոգևորականների թափորն ուղղվեց դեպի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Հայոց Հայրապետի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Related posts

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է

Ըմբիշ Հայկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն