Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է մայիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։ Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ընդ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա: Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է:

Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր): Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Մայիսին ամպրոպային գործունեությունն ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13 օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր):

Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

◼️ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C:
◼️ Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +17…+18°C:
◼️ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +9…+12°C:

◼️ Լոռու մարզում՝ +10…+12°C, Տավուշի մարզում՝ +13…+16°C:
◼️ Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +17…+18°C, լեռնային շրջաններում` +10…+12°C:
◼️ Սյունիքի հովտային շրջաններում +17…+20°C, նախալեռնային շրջաններում` +11…+12°C:
◼️ Արցախում կանխատեսվում է +17…+20°C։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում