Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյանը հանդիպել է Սեկի Յոշիհիրոյի հետ

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը շահագրգռված է բազմաբևեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է տնտեսական համագործակցությունը, անդրադարձել JAPAN 2025 ցուցահանդեսին, «Օսակա ԷՔՍՊՈ»-ին ՀՀ մասնակցությանը, որը նոր հնարավորություն կստեղծի գործարար կապերի ամրապնդման համար:

ԱԺ փոխխոսնակն ուրախությամբ փաստել է, որ Ճապոնիայում հունիսի 1-ին պաշտոնապես կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` վստահություն հայտնելով, որ այն կծառայի ճապոնացի հազարավոր պատանիների վերապատրաստմանն ու նոր շունչ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը կրթության ոլորտում:

Սեկի Յոշիհիրոն կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին օգնություն տրամադրելու հարցում:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հարցերի, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ և հանդիպման ավարտին գործընկերոջը հրավիրել Հայաստան:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել