Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է

Ազատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում` հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։

Մասնավորապես՝ նոր մոդելով ձերբակալված անձանց ուղեկցումը ձերբակալվածների պահման վայրից դատարան և հակառակ ուղղությամբ իրականացնելու է ՆԳՆ ոստիկանությունը, կալանավորված և տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկից /բնակության վայրից դատարան և հակառակ ուղղությամբ իրականացնելու է Արդարադատության նախարարությունը, իսկ դատարանում գտնվելու ժամանակամիջոցում տվյալ անձի պահպանությունն իրականացնելու է Դատական դեպարտամենտը։
Այս մոդելին անցումը տրամաբանական է, որ պահանջում է ներդնել մեծ ջանք և ռեսուրս, ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում գործընկեր կառույցների հետ՝ կարգավորելու հարցի թե՛ օրենսդրական, թե՛ գործնական հատվածը, թե՛ ժամանակացույցը։

2024 թվականի ընթացքում նախարարությունն ընդհանուր առմամբ ստացել է 17 165 ուղեկցման հայտ` 20 170 ձերբակալված և կալանավորված անձի ուղեկցման վերաբերյալ. չի կատարվել 5581 անձի ուղեկցումը կամ 27,7%-ը, որից կալանավորված անձանց ուղեկցման 12 530 հայտ 14 724 անձի վերաբերյալ, որից չի ապահովվել 4019 կալանավորված անձի ուղեկցումը կամ 27,3%-ը։

Չկատարման պատճառներից է ուղեկցող ստորաբաժանման հաստիքների` կիսով չափ թափուր լինելը, նշված գործընթացին համայնքային ոստիկանության ներգրավումն այն պայմաններում, երբ նշված ծառայության հիմնական գործառույթը համայնքի հետ աշխատանքն է, դատական նիստերի դահլիճ ուղեկցումից հետո նիստի չկայանալը և այլն։

Տնային կալանքի մասով կարևոր է արձանագրել, որ այն որևէ կերպ չի կարգավորվում օրենսդրությամբ, այսինքն՝ չկա այն իրավասու սուբյեկտը, որը պարտավոր է ապահովել ուղեկցումը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության բարձր երաշխիքը, ՆԳՆ ոստիկանությունը հանձն է առել իր սակավ ռեսուրսներով ապահովելու նաև այդ անձանց ուղեկցումը դատարան և հակառակ ուղղությամբ։
Նկարագրված ինստիտուցիոնալ նոր մոդելը կյանքի կոչելուն զուգահեռ Ներքին գործերի նախարարությունը քայլեր է ձեռնարկել գործող պայմաններում ազատությունից զրկված անձանց ուղեկցումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՆԳ նախարարությունը վերջին ամիսներին․

1․ Ձեռք է բերել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 22 տրանսպորտային միջոց՝ ուղեկցումները արժանապարտիվ կազմակերպելու համար։ Ձեռք է բերվել ևս 12 ուղեկցող տրանսպորտային միջոց, որոնք գտնվում են կահավորման փուլում:
2․ Փոփոխվել են ուղեկցող ստորաբաժանման հաստիքները՝ այն դարձնելով սպայական և ավելի գրավիչ:
3․ Փոփոխված հաստիքները քայլ առ քայլ համալրվում են:
4․ Ուղեկցող ստորաբաժանումներում գործուղման կարգով ներգրավվել են նաև այլ ստորաբաժանումների ծառայողներ։
Ձեռնարկված քայլերն արդեն իսկ էականորեն բարելավվել են ուղեկցման իրավիճակը։ Եթե մինչ այս քայլերը, օրինակ` փետրվարի 24-ից մարտի 1-ը ուղեկցման հայտերից ծանրաբեռնվածության պատճառով չէր կատարվում 159-ը կամ 34,6%-ը, ապա ձեռնարկված քայլերի արդյունքում չուղեկցման թիվն էականորեն նվազել է՝ մարտի 25-ի դրությամբ հասնելով 24-ի կամ 5,2%-ի։

Ըստ վիճակագրության՝ մարտի 6-ից 11-ը ստացվել է ձերբակալված և կալանավորված 339 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ. ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 32-ը կամ 9,4%-ը, մարտի 12-ից 18-ը ստացվել է ձերբակալված և կալանավորված 458 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ. ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 20-ը կամ 4,4%-ը, մարտի 18-ից 25-ը ստացվել է ձերբակալված և կալանավորված 464 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ. ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 24-ը կամ 5,2%-ը։

ՆԳ նախարարության խնդիրն է շարունակել աշխատանքները՝ նպատակ ունենալով ուղեկացման հայտերը չբավարարելու թիվը հասցնել զրոյի:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ