Հորեղբորը ծեծել էր, հետո՝ անկողնում այրել

Հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր:

Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդուն ծեծի ենթարկել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր պատճառել եղբոր 29-ամյա որդին, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով այրել էր անկողինը, որի մեջ հորեղբայրն էր՝ անգիտակից վիճակում:

29-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հայտնում է Ոստիկանությունը։

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար