Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Ջայպուրում կայացած Usanas հիմնադրամի ամենամյա աշխարհաքաղաքական երկխոսության համաժողովին

Փետրվարի 14-15-ը Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Ջայպուր քաղաքում կայացած Usanas հիմնադրամի ամենամյա աշխարհաքաղաքական երկխոսության 4-րդ համաժողովին (MPAGD 2025), որի գլխավոր հյուրն էր Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհը: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:
Ելույթ ունենալով համաժողովի երկրորդ օրվա բացման խոսքում՝ դեսպան Վ. Աֆյանը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու նպատակով ՀՀ կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ընդգծվել է, որ որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս՝ նախաձեռնությունն ունի առանցքային նշանակություն տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման և զարգացման առումով և տվյալ նախագծով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ու պատրաստակամությունն անցնելու գործնական քննարկումների փուլ։
Անդրադառնալով հայ-հնդկական բարեկամական հարաբերություններին՝ ներկայացվել է ՀՀ կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունն այն մասին, որ Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունները նոր կշիռ և իմաստ են ձեռքբերել:
ՀՀ դեսպանը նաև նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը, կիսելով պատմական խորը կապեր, ընդհանուր արժեքներ և տարբեր ոլորտներում համագործակցության փոխադարձ հանձնառություն, վերջին շրջանի արագ զարգացող աշխարհի մարտահրավերների և հնարավորությունների պայմաններում, խորացնում են համագործակցությունը առևտրի, պաշտպանության, կրթամշակութային փոխանակման և այլ նախաձեռնությունների ոլորտներում:
Համաժողովի պանելային քննարկումներին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի և Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) փորձագետները:

Related posts

Կառավարությունը լրացուցիչ 300 մլն դրամ կտրամադրի շուրջ 410 ընտանիքի հիփոթեքի մայր գումարը նվազեցնելու համար

Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն այն է, որ գոյություն ունեցող բոլոր հին դպրոցների փոխարեն ունենանք նորերը. Փաշինյան