ՀՀ-ում COVID-19-ի իրավիճակը ծայրահեղ լարված է, Կառավարության ռազմավարությունն է՝ պատվաստումների ծավալի ավելացում և դիմակների կրման խստացում. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին, որի վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել առողջապահության նախարարը: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին անցնելը, պիտի ցավով արձանագրեմ, որ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ լարված է: Կխնդրեի՝ Առողջապահության նախարար տիկին Ավանեսյանը ներկայացներ մեր վերջին տվյալները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Շնորհակալություն: Մեծարգո՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, երեկ իրականացվել է 15818 թեստավորում, որից դրական դեպք հայտնաբերվել է 2307-ը: Ցավոք, արձանագրվել է 38 մահ: Ունենք 962 առողջացած քաղաքացի: Այս պահին Հայաստանի Հանրապետությունում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ-պացիենտներին: Ընդհանուր առմամբ, 3050 մահճակալ այս պահին գործնականում անընդհատ զբաղված է: Ունենք ծանր վիճակում գտնվող 1088, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 և թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի: Պետք է նշեմ, որ այս շտամի առանձնահատկությունն է, որ այն թե՛ հիվանդության ընթացքի ծանրության, թե՛ վարակելիության և թե՛ տարիքային առումով, իսկապես, մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում: Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, և այս պահին էլ ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են. 53-ի մոտ առկա է թոքաբորբ, և թթվածնային կախյալ են:

Պարոն վարչապետ, թույլ տվեք ներկայացնել նաև, թե այս հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստում ստացած քաղաքացիները: Ներկայացնեմ, որ, ընդհանուր առմամբ, այս պահին դրական ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիներն ընդամենը 1702-ն են: Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, ովքեր պատվաստված են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տոկոսային հարաբերություններով ասենք՝ 3 տոկոս, այսինքն՝ 30000 դրականների մեջ 1700-ը պատվաստված են:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Եվ հոսպիտալացվածների մեջ 3100-ից ընդամենը 96-ն են: Վերակենդանացման բաժանմունքում ընդամենը 5-ն են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի՞ հոգի ունենք վերակենդանացման բաժանմունքում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Վերակենդանացման բաժանմունքում ունենք 1500 քաղաքացի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Վերակենդանացման բաժանմունքում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո՛: Ծանր վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, այսինքն՝ թթվածնային կախյալ վիճակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների պարագայում ընդհանրապես 0.5 տոկոս է կազմում պատվաստված քաղաքացիների թիվը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո՛:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի՛ գործընկերներ, այստեղ շատ կարևոր է արձանագրել, թե մեր ռազմավարական պատկերացումն իրավիճակի կառավարման հետ կապված որն է: Իհարկե, այսօր երկրներ կան, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ լոքդաունի տրամաբանության:

Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը, և չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք: Ընդ որում՝ չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր, նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը: Ինչի՞ համար: Խնդիրը ոչ թե այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, այլ երբ դիմակ կրելու ընդհանուր պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել: Որովհետև եթե առանց դիմակի մարդ կա, նշանակում է՝ ոստիկանության և տեսչական մարմինների համար աշխատանքն ավելի կհեշտանա: Սա քննարկում ենք, և չեմ բացառում, որ որոշում կկայացնենք, որովհետև, ենթադրենք, շատ դեպքերում մարդը փակ տարածքում դիմակ չի կրում կամ, ենթադրենք ,ասում է, որ դուրս էի գալիս, դրսում պետք է լինեի, դրա համար ներսում դիմակ չէի կրել և այլն:

Բայց առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են: Մեր կառավարությանը հաջողվել է, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ և նաև ստացած խոշոր նվիրատվությունների շնորհիվ, չնայած նվիրատվությունները չլինեին էլ, մենք պլանավորել էինք ձեռք բերել, մենք այսօր ունենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, և մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ պատվաստումների ուղղությամբ:

Չգիտեմ՝ որքանով է պատեհ կիսվել անձնական փորձառությամբ, բայց, հաշվի առնելով իրադրության ընթացիկ վիճակը, ուզում եմ կիսվել անձնական փորձառությամբ՝ պատասխանելու համար այն հարցին՝ որքանո՞վ է պատվաստանյութն արդյունավետ, որքանո՞վ՝ ոչ, որովհետև բանավեճ կա: Ուզում եմ մեր ընտանիքի օրինակի հետ կապված իրավիճակ ներկայացնել. նախկինում ասել եմ, որ մեր ընտանիքի 6 անդամներից ավագները, այսինքն՝ մենք, պատվաստվել ենք, բացի երկու երեխաներից, որոնք 18 տարեկանից ցածր են: Ընտանիքի մնացած անդամներով պատվաստված ենք: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, և մենք դրա մասին իմացանք բավական ուշ՝ տեղի ունեցածից մոտավորապես մեկ շաբաթ անց: Եվ բնական է՝ 14-ամյա երեխա, ամեն օր ընտանիքում շփում, թե այդ շփումը որքան սերտ է լինում, գիտենք յուրաքանչյուրս՝ յուրաքանչյուր հայկական ընտանիքում ընդունված ավանդույթներին համապատասխան: Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ ոք չվարակվեց կորոնավիրուսով: Չնայած, մյուս կողմից, գիտենք, որ կարող էինք նաև վարակվել, որովհետև պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավորում: Ընդ որում՝ մեր ընտանիքի անդամները պատվաստված են տարբեր պատվաստանյութերով, մեկ պատվաստանյութի մասին չէ, որ ասենք՝ այս մեկը վստահաբար արդյունավետ է: Այսինքն՝ մեր ընտանիքի այն անդամները, որոնք պատվաստված էին, չվարակվեցինք: Երեխան լավացավ, արդեն կորոնավիրուսն անցավ, և մենք չվարակվեցինք կորոնավիրուսով: Մենք մեր կոնկրետ օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը: Եվ, հետևաբար, մեր ռազմավարությունն այս իրավիճակում – այսինքն՝ սրանից չենք բխեցնում, սրանից առաջ էլ էինք այդ որոշումը կայացրել, սա ուղղակի փոքր փաստ, որը համոզմունք է տալիս, որ դա ճիշտ ճանապարհ է – մենք պետք է դիմակների կրման պայմանները խստացնենք, և երկրորդը՝ գնանք պատվաստումների ծավալն ընդլայնելու ճանապարհով:

Հիմա կարողություններ ունենք, նախորդ օրը, կարծեմ, նույնիսկ 23000 պատվաստում ենք իրականացրել: Իհարկե, գիտենք, որ, այնուամենայնիվ, որոշ չարաշահումներ և կեղծիքներ թույլ են տրվում: Ցավոք, այս պահի դրությամբ, և ես սա ցավով եմ ասում՝ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում՝ 6 հոգի, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար: Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութն ուղղակի փչացնում են, այսինքն՝ բացում են սրվակը, դատարկում են, և պետական միջոցներով ու այդքան չարչարանքների գնով ձեռք բերված պատվաստանյութերը փչացնում: Այսպիսի պրակտիկա ունենք: Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով՝ հետևողական, անհոգնել, և դիմակների կրման կանոնները խստացնելու ճանապարհով:

Ես ուզում եմ անդրադառնալ նաև այն շահարկումներին, որ լինում է ինչ-որ պետական միջոցառում, ընդունելություն, վերցնում-տարածում են ինչ-որ լուսանկար, որ տեսեք՝ պաշտոնյաները դիմակ չեն կրում: Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են մարդիկ: Այսինքն՝ այս էժան շահարկումներին պետք է ուղղակի չտրվել: Պետք է այս քաղաքականությունն իրականացել: Եվ, ի վերջո, այո, պիտի հստակ ասենք, որ այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն: Շատ կոնկրետ մարդիկ և շրջանակներն այդ պատասխանատվությունը կրում են, և սա պետք է արձանագրել:

Ընթացիկ աշխատանքում մեր անելիքները շտկելու առումով. տիկին Ավանեսյան, ես տեսնում եմ խնդիր, որ շաբաթ-կիրակի օրերին մեր պատվաստումների թիվը նվազում է: Պետք է ջանք գործադրենք, որպեսզի շաբաթ-կիրակի օրերին նույնպես չնվազեն: Հասկանում եմ, որ առողջապահական համակարգը հյուծված է, հոգնած է: Մենք ճիշտ է, նեգատիվն ասում ենք, պետք է պոզիտիվն ընդգծենք. նախորդ օրը մեր գործընկերներից մեկը եղել էր վերակենդանացման 1-2 բաժանմունքում, ասում էր՝ մեր բժիշկներն արդեն նույնիսկ դժվար են ոտքի վրա կանգնում, այդ մարդիկ հյուծված են: Մեր խոնարհումը և գնահատանքը մեր բժիշկների աշխատանքին, բայց իսկապես այդ մարդկանց պետք է օգնել: Իսկ նրանց օգնելու ձևն այն է, որ այդպիսի ծանրաբեռնվածություն չունենանք հիվանդանոցներում: Սրա ձևն այն է, որ մենք բոլորս կոնկրետ 2 ուղղությամբ աշխատենք՝ դիմակների կրում և ամենակարևորը՝ պատվաստումներ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պատվաստման 60 – 70 և ավելի տոկոս կա, այնտեղ ամենօրյա մահացությունները շատ քիչ են, և այս ամենը ցույց է տալիս, որ պետք է շարժվենք այդ ճանապարհով: Խնդրեմ, տիկին Ավանեսյան:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Իսկապես, պարոն վարչապետ, շատ շնորհակալություն: Մենք բոլորս մեր գնահատանքի և շնորհակալության խոսքն ենք հղում մեր բոլոր բուժաշխատողներին, ովքեր օր ու գիշեր անտրտունջ, անմարդկային ջանքերի շնորհիվ իսկապես պայքարում են մեր քաղաքացիների կյանքի համար: Մենք բոլորս պիտի իրենց կողքը կանգնենք՝ այս պահին մեղմելու այս իրավիճակը:

Թույլ տվեք նաև ներկայացնել միջազգային արդեն իսկ հաստատված վիճակագրական պատկերը՝ այն երկրներում, որտեղ 70 տոկոս է կազմում պատվաստումների ցուցանիշը, չպատվաստվածները 6 անգամ ավելի շատ են ախտորոշվում դրական, քան պատվաստվածները և 11 անգամ ավելի շատ են հակված ծանր տանելու հիվանդությունը և մահանալու: Մենք տեսնում ենք, որ այս պահին էլ և՛ տարածաշրջանում, և՛ ԱՄՆ-ում, և՛ բազմաթիվ երկրներում աճում է հիվանդացության կորը: Բայց այն երկրներում, որտեղ 70 տոկոսից ավելի է, հոսպիտալացման և մահացության կորը աճի շատ նվազ ցուցանիշ է արձանագրում: Կարող ենք սա արդեն որպես փաստված իրականություն ընդունել, և մեր քաղաքականությունն էլ, ինչպես ասացիք, հենված է այս փաստական հանգամանքների վրա: Այն ուղղված է օր առաջ պատվաստումների արդյունքում հանրային իմունիտետի շերտ ձևավորելուն և հիվանդացության աստիճանը մեղմելու համար հնարավորինս դիմակները կրելուն:

Եթե թույլ տաք, ևս մեկ հորդոր՝ հարգելի քաղաքացիներ, շաբաթ-կիրակի օրերին մեր պոլիկլինիկաները հերթապահում են, բաց են, բաց են նաև մեր շարժական կետերը, և քանի որ անցյալ կիրակի շատ հաջող անցավ մեր պատվաստման միջոցառումն Օպերայի բակում, այս կիրակի օրը նման միջոցառում ունենալու ենք Գյումրի քաղաքում: Այնպես որ, համեցեք Գյումրի, և Գյումրու մեր բնակիչներին էլ՝ ակտիվ մասնակցե՛ք, պատվաստվե՛ք և պաշտպանե՛ք ձեզ և ձեր ընտանիքներին: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ Երևանում՝ Օպերայում, էլ չե՞նք շարունակում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Պարոն վարչապետ, Երևանում մեր շրջիկ կետերը հենց Օպերայում չէ, այլ Հյուսիսային պողոտայում այս շաբաթ-կիրակի էլ գործելու են: Դրանք որևէ օր դադար չունեն, և պոլիկլինիկաներն էլ թե՛ շաբաթ, թե՛ կիրակի օրերին աշխատում են և պատվաստումներ իրականացնում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Կրկին գնահատանքի խոսքեր՝ մեր առողջապահական համակարգի աշխատողներին: Ընդ որում՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել նաև մեր այն բուժաշխատողներին, ովքեր պատվաստումներն իրականացնում են բարեխղճորեն և քարոզչություն են անում, առողջապահական համակարգի բոլոր այն աշխատողներին, մասնագետներին, պատվաստումն իրականացնող բուժաշխատողներին, ովքեր բարեխղճորեն մարդկանց ներկայացնում են պատվաստման կարևորությունը: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Նրանք անգնահատելի աշխատանք են իրականացնում: Բայց պիտի ասեմ, որ այն բուժաշխատողները, ովքեր հակապատվաստումային քարոզչություն են իրականացնում, նաև նրանց գործունեության «շնորհիվ» է, որ վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված են այսօր, ցավոք: Մենք համբերատար և հետևողականորեն պետք է շարժվենք իմ նշած ճանապարհով՝ դիմակների կրման կանոնների պահպանում, անհրաժեշտության դեպքում՝ խստացում և պատվաստման տեմպերի մեծացում:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում