ՀՀ-ն տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր. Փաշինյան

Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռչում, ընդհակառակը՝ ՀՀ-ի վրայով թռչում են օդանավեր այն քանակությամբ, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն թռել: Ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողության պատմություն, բայց ուզում եմ ճշգրտել, որ մեր վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռչում: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին:

«Ուզում եմ այլ բան ասել ձեզ՝ որպես ՀՀ վարչապետի պաշտոնը 7 տարի զբաղեցնող մարդ. ՀՀ-ն միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր: Դրա ամենակարևոր արտահայատությունն այն արտաքին հարաբերություններն են՝ [ձեռք բերված] բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք… Այո՛, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո՛, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո՛, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների և մեր վիճակի կարգավորումը, և մեր միջազգային հեղինակության աներկբա ու աննախադեպ բարձրացումը»,- ասաց նա՝ նշելով, որ վերը թվարկվածն արդեն իրողություններ են:

Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ 2026-ին Հայաստանը հյուրընկալելու է համաշխարհային մակարդակի երկու կարևորագույն իրադարձություն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և COP17 համաժողովը:

«Սրանք պատահական չեն, և սրանք հաջողության պատմության ֆիզիկական արտահայտություններն են»,- ասաց նա:

Related posts

Օդի ջերմաստիճանը հունիսի առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Այն, ինչ այսօր հանրությանը ներկայացնում ենք որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, ապագայի հստակ գծագրված նախագիծ է. Փաշինյան

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի շինարարությունն ավարտված է. Խուդաթյան