ՀՀ-ն հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը. ՀՀ ԱԳՆ

30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա խարսխված պետականության կերտմանը:

Անկախության հռչակագիրն արցախահայության՝ իր հայրենի հողում ազատ և անվտանգ ապրելու անկոտրում կամքի օրինական արտահայտումն էր, որն ամրագրվեց 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեով։ Այն պարտադրված էր տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայ բնակչության դեմ էթնիկ պատկանելիության հիմքով իրականացրած խտրական և բռնաճնշումների քաղաքականությամբ, որի նպատակն էր հայաթափել Արցախը, ինչի մասին ամենաբարձր մակարդակով տարբեր ժամանակներում հայտարարել են ադրբեջանական իշխանությունները։

Անկախության հռչակագրի ընդունմամբ և անկախության հանրաքվեով Արցախի ժողովուրդը ձգտում էր իրավական կամարտահայտության միջոցով ղարաբաղյան հիմնահարցն առճակատման տրամաբանությունից տեղափոխել քաղաքական հարթություն՝ հասնելու հիմնախնդրի արդարացի լուծմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։

Ի պատասխան արցախահայության օրինական ձգտումներին՝ Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով Արցախում և Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, լայնածավալ պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ։

Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը և շարունակական սպառնալիքները, Արցախի դեմ 2016թ․ և հատկապես 2020թ․ ռազմական ագրեսիաները, որոնք ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և ծրագրված ոչնչացումը վկայում են, որ արցախահայությունը շարունակում է կանգնած մնալ ֆիզիկական գոյության սպառնալիքի առջև և չի կարող ապրել Ադրբեջանի ենթակայության և իրավասության ներքո։

Հանուն իր գոյության և ինքնության՝ Արցախի ժողովրդի հերոսական պայքարը հայրենասիրության, խիզախության և տոկունության օրինակ է ողջ հայության համար: Եվ այս պատմական օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության և պաշտպանության համար իրենց կյանքը նվիրած բոլորի առջև։

Անցնող 30 տարիների ընթացքում Արցախը կարողացել է պետական կառավարման կենսունակ մարմիններ ստեղծել և անցկացնել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ՝ ընտրելով իր օրինական ներկայացուցիչներին և կայացնելով ժողովրդավարական ինստիտուտները։

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը՝ որպես հիմք՝ ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում