ՀՀ-ն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին. Մհեր Գրիգորյան

Այսօր կայացել է (հեռավար ձևաչափով) Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՂՀ փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ:

Նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարևորել է Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ թվում ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում և ընդգծել առևտրատնտեսական գործընկերության ոլորտում չիրացված մեծ ներուժը:

Մհեր Գրիգորյանն առանձնակի անդրադարձ է կատարել համագործակցությանը տրանսպորտի ոլորտում:

«Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին։

Զուգահեռաբար Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով արդեն իսկ իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչը վկայում է մեր երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։

Ես կարծում եմ, որ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ։

Միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը հատկապես կարևոր է Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրականացման համատեքստում»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։

Ամփոփելով խոսքը՝ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Ղազախստանը կշարունակեն ամրապնդել իրենց գործընկերությունը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև վստահության, հարգանքի և բարեկամության վրա։

Related posts

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա

Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան