ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունեց ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի գլխավորած պատվիրակությանը։ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք 30 տարվա պատմություն ունեն և հիմնվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Վահե Ղազարյանը կարևորեց ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում դեռևս 2003 թվականից Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունը: Նա հանգամանորեն ներկայացրեց նաև ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները։ Լորա Քելին բարձր գնահատեց արդեն իսկ ձևավորված համագործակցությունը, ողջունեց իրականացվող բարեփոխումները և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեց։ Կողմերը քննարկեցին թմրաշրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության աշխատանքները։ Անդրադարձ եղավ նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքներին: Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրեց ծառայության գործառույթներն ու կառուցվածքը։ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ աղետների ռիսկերի կառավարման թեմային: Խոսեց աղետների վաղ ազդարարման, արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և, ընդհանուր առմամբ, աղետների ռիսկի ողջ ցիկլի կառավարման խնդիրներից: Նշեց նաև, որ այդ ուղղությամբ քննարկումներ են եղել USAID-ի հետ, ինչի արդյունքում նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարություն: Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել և ամրապնդել երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին