ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Վարչապետը ողջունել է տիկին դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: Միաժամանակ, վարչապետն անդրադարձել է Երասխում ադրբեջանական կրակի հետևանքով օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման շինաշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացու վիրավորվելու դեպքին և շուտափույթ ապաքինում մաղթել նրանց:

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Երասխում վիրավորված Հնդկաստանի քաղաքացիների առողջական խնդիրներին հետամուտ լինելու և ցուցաբերված ուշադրության համար:

Զրուցակիցները քննարկել են բիզնես կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և սերտ կապերի ամրապնդումը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել