ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ։ Ընդունելով ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի շնորհավորանքները՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։

Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական ու մարդկային հարթություններում համագործակցության խորացմամբ։ Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ և վերջինիս գործադիր մարմինների հետ ծրագրային փոխգործակցության շարունակականությունը, հատկապես՝ Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում։

Կողմերն անդրադարձ են կատարել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈՒ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան