ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիողլուի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը. «հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել է նախարար Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիողլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Related posts

Լաբուբուն՝  որպես խայծ. Խաբեբաները նոր սխեմա են սկսել

Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատ գումարները պահում վրացական բանկերում

Ռուսաստանում հետ են կանչում 99,3 հազար Hyundai ավտոմեքենա