ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի իշխանությունների դիրքորոշումը հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ

Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Արարատ Միրզոյանը և Ֆերնան Էտգենը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերի սերտացման և միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես՝ ԵԽԽՎ շրջանակներում, օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման կարևորությունը։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ համաձայնագրի շրջանակներում հետևողականորեն զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ այս առումով կարևորելով նաև Լյուքսեմբուրգի աջակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Պատգամավորների պալատի կողմից բանաձևերի ընդունման համար՝ ի սատարումն Արցախի հայության և նրանց իրավունքների պաշտպանության և պատերազմի հետևանքների վերացման։

Նախարարը նաև բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի օրենսդիր և գործադիր իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ։

Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում