ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։

Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն:

«Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։

Մասնավորապես՝

  • 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրանցմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաև էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը (ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։
  • Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos.), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ):
  • Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի և վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ):

Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։

Արդյունքում Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում։

Բացի այդ՝ Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, համապատասխան դեպքերում վճարել տույժ՝ սպառողների իրավունքների խախտման համար և մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Related posts

Իրանը Թել Ավիվի բնակիչներին հրամայել է տարհանվել. BBC

Ռոբերտ Քոչարյանի որդին ևս դատարանի բակում է՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

Իսրայելը հարվածել է Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանին