Հարուցվել է քրեական գործ՝ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2021թ. մարտի 23-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Գորիսի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն՝ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու նպատակով:

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են տարաբնույթ խախտումներ՝ շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով, կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, շինարարական աշխատանքների միավորի արժեքների անհիմն թանկացման արդյունքում կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումարներ, շինարարական աշխատանքների համար կատարված ոչ նպատակային ծախս, շինարարության ընթացքում կատարված, սակայն շահագործման ընթացքում կոտրված և շահագործման համար ոչ պիտանի դարձած երկաթբետոնե առվակներ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է 38.440.000 ՀՀ դրամի վնաս:

Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և 2011թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» որոշման պահանջների խախտմամբ երկու պայմանագրերի շրջանակներում կատարվել են աշխատանքների փոփոխություններ, որոնց գումարների չափը, պայմանագրերի սկզբնական գումարների նկատմամբ, կազմել են համապատասխանաբար 35.2 և 26.1 տոկոս:

Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գորիս համայնքում, գույքահարկի բազայում ունենալով  չվճարված հարկերի տեսքով պարտավորություն, մի շարք ավտոմեքենաներ օտարվել են:

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախապատրաստվող նյութերի շրջանակում նշված խախտումների շուրջ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով Գորիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք հրավիրվել են բացատրություն տալու, սակայն չեն ներկայացել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններում և դրանց հիման վրա նախապատրաստված նյութերում  առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ,  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում