Հաստատվել է դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

ՀՀ Կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների պահանջից:

Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանն են ուղղված դպրոցի կառավարման գործընթացի բաժանումը երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական: Կարգով հստակեցվում է վարչատնտեսական կառավարումն իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով հասնել մասնագիտացված ծառայությունների ստեղծմանը:

Հաստատության վարչատնտեսական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար իրավաբանական անձին կարող են պատվիրակվել առնվազն 3 հաստատության վարչատնտեսական գործառույթներ: Պետական հաստատության վարչատնտեսական գործառույթները կարող են պատվիրակվել ամբողջությամբ կամ դրանց մի մասը:

Հաստատության վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններն են՝ հաշվապահություն, գնումների գործընթաց. պայմանագիր, սննդի կազմակերպում, սանիտարահիգիենիկ վիճակի ապահովում, անվտանգության տեխնիկայի ապահովում, ընթացիկ տեխնիկական սպասարկում: Վարչատնտեսական գործառույթների պատվիրակումն իրավաբանական անձին իրականացնում է լիազոր մարմինը՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի պահանջներին համապատասխան, որի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ կնքվում է պայմանագիր:

Այն դեպքում, երբ վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններից որևէ մեկի պատվիրակման համար նախատեսված մրցույթը չի կայանում, չեղյալ է համարվում, հաղթող չի ճանաչվում, կամ դատական կարգով բողոքարկվում են մրցույթի արդյունքները, ապա այդ գործառույթներն իրականացնող աշխատողների համակարգման աշխատանքներն իրականացնում է հաստատության համակարգողը՝ մինչև օրենքով սահմանված կարգով այդ գործառույթի պատվիրակումը։ Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ՝ մինչև հաղթող ճանաչվելը:

Վարչատնտեսական գործառույթների պատվիրակման դեպքում հաստատության վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կամ որոշմամբ նշանակվում է համապատասխան գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանում և իրականացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ պատասխանատու ստորաբաժանմանը վերապահված լիազորությունները։ Եզրակացության և արձանագրության հիման վրա լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել տվյալ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրի գործողությունը շարունակելու կամ այն լուծելու վերաբերյալ։

Իրավաբանական անձի կողմից իրեն պատվիրակված գործառույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում համակարգողը հիմնավորված առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմնին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմիններին դիմելու համար: Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարից:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն