Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության մրցանակակիրների անունները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

 

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով բեմական արվեստի ներկայացուցիչներին և թատրոնի նվիրյալներին, ջերմորեն շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթել անսպառ լավատեսություն, աննահանջ կամք ու գործի հանդեպ խորին ներշնչանք: Կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը հանրության կյանքում՝ նախարարը նաև մաղթել է, որ այն շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության և մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը:

 

«Չկա առավել հմայիչ ու խորհրդավոր ոլորտ, քան մարդու մասին արվեստը: Թատրոնը մարդու հոգևոր և հոգեկան աշխարհների հետազոտման, դրանց ծպտյալ և քողարկված շերտերի բացահայտման ու գեղարվեստորեն ներկայացման իրականությունն է: Այսօր էլ նաև հանրային տրամադրությունների հաղթահարման, լավատեսության վերականգնման ու նոր ապագայի կերտման հզոր խթան և գործիք է: Մեծ է այսօր ձեր պատասխանատվության չափը, աննախադեպ է ձեր առաքելությունը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ թատրոնի նվիրյալները հետագայում էլ կշարունակեն իրեց գործն այն գիտակցությամբ, ինչպես դա արել է իր կյանքը թատրոնին նվիրած մեծավաստակ վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը:

 

Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության  աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

 

«Արտավազդ-2020/2021» թատերական  մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

 

Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան

 

«Լավագույն մանկական ներկայացում» 

«Շրջված երազ» – Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան

 

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» 

Հռիփսիմե Նահապետյան – (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Մարիկա Դովլաթբեկյան – (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն

 

«Լավագույն երիտասարդ դերասան» 

Նարեկ Բաղդասարյան – (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

Դավիթ Եղիազարյան – (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն

 

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» 

Գոռ Մարգարյան – «12», «Անհատ» թատերախումբ

 

«Լավագույն երիտասարդական ներկայացում» 

«Օնեգին» –  Կ․  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան

 

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»

ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո –  Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

ՀՀ  վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան –  Հ․ Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան –  Երևանի պետական կամերային թատրոն

 

«Լավագույն պիես» 

Սառա Նալբանդյան –  «Հաղթանակի գենեզիս»

 

«Լավագույն սցենոգրաֆիա» 

Գարեգին Եվանգուլյան – «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

 

«Լավագույն երաժշտության հեղինակ» 

Ջեմմա Մինասյան – «Սև կատուն», «Մետրո» թատրոն

 

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» 

Հերիքնազ Բաղդասարյան – (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

 

«Լավագույն երկրորդ պլանի դերասան» 

Անդրանիկ Զաքարյան – (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

 

«Լավագույն դերասանուհի» 

Տաթև Ղազարյան – (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

 

«Լավագույն դերասան» 

Արման Նավասարդյան – (Հեղինակ – Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

 

«Լավագույն ռեժիսուրա» 

Նարինե Գրիգորյան – «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

Վահե Շահվերդյան  – «Անուշ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

 

«Ժյուրիի հատուկ մրցանակ»

«Լուսաբացից առաջ» – Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան

 

«Լավագույն ներկայացում» 

«Փափլիկը» – Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում