«Քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին բազմաթիվ (շուրջ 6 տասնյակ) հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք, թմրանյութեր, այլ առարկաներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվել են շուրջ 3 տասնյակ անձինք:
ՀՀ քննչական կոմիտեն հետևողական է լինելու քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու և առգրավելու հարցում, ուստի հանրությանը հորդորում ենք՝ ապօրինի պահվող զինամթերքն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչև իրավասու մարմինների կողմից ապօրինի զենք-զինամթերքի գտնվելու վայրի մասին իմանալը՝ դրանք հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասված է հաղորդագրությունում: