Հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար. Միրզոյանը՝ հայ ռազմագերիների սպանության տեսանյութի մասին

Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, որոնց վերաբերյալ տեսանյութերն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է սոցիալական ցանցերում` նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր