Հայաստանի և Ադրբեջանի հարցով զեկուցող և Կովկասի հետ կապերի հարցով պատվիրակության ղեկավար եվրապատգամավորների հայտարարությունը Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ

Հարավային Կովկասի հետ կապերի հարցերով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական ​​զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի մշտական ​​զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են արել Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ:

«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զորքերի հետ բախումների ժամանակ երեք հայ զինծառայողի զոհվելու համար, այն բանից հետո, երբ, ինչպես հաղորդվում է, հայկական դիրքերը և մի քանի գյուղեր վաղ առավոտից գնդակոծվել են, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին:

Ցավոք, դա վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք միջադեպերից կամ սադրանքներից միայն վերջինն է, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին՝ Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումով: Վերջերս Նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, որտեղ ևս մեկ հայ զինվոր էր զոհվել, պակաս տագնապալի չէր:

Իրավիճակը թուլացնելու համար չափազանց կարևոր է, որ անմիջապես դադարեցվի սադրող հռետորաբանությունը: Այս համատեքստում մենք դատապարտում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուր»-ի  և Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանական «նախնիների երկիր» կոչելու վերաբերյալ: Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանի հետագա անվտանգությանը:

Մենք հիշեցնում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և ցանկացած հարց լուծելու բանակցությունների սեղանի շուրջ, այդ թվում՝ հակամարտության տևական կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը