Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ, որում ասված է.

«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի Պետությունը»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում