Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց այս պահին չի քննարկվում. ԱԺ նախագահ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ այս պահին դա չի քննարկվում:

«Ռազմաբազայի դուրսբերման հարց այս պահին մեզ մոտ չի քննարկվում։ Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևիցե նոր բան դրա հետ կապված չեմ կարող ասել»,- ասաց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի շրջանակում արդյոք նախատեսվո՞ւմ է հանդիպում ՌԴ նախագահի հետ, Ա. Սիմոնյանն ասաց հետևյալը. «Կարծում եմ, որ երկրի ղեկավարը Մոսկվա չէր գնա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»:

Նա վստահեցրեց՝ Հայաստանը բոլոր երկրներին եղբայրական է վերաբերվում այնքան ժամանակ, մինչ այն պահը, որ նրանք ապացուցում են, որ նույն կերպ տրամադրված չեն:

«Չգիտեմ՝ արդյոք նրանք (Ռուսաստանը – խմբ.) մեր հանդեպ նույն կե՞րպ են տրամադրված: Ավելի շուտ կասկածներ ունեմ, որ այդքան էլ լավ տրամադրված չեն»,- խոսքը եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Related posts

«Ռիբոկ»-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել է․ քրեական վարույթի հոդվածը փոխվել է

Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Իրանի խորհրդարանը դիտարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը