Հայաստանը հավատարիմ է կայուն խաղաղություն հաստատելու դիրքորոշմանը և ակնկալում է գործընկեր երկրների աջակցությունը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Կիհուն Սոնին և պատվիրակության անդամներին, կարևորել է նմանօրինակ այցելություններն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության զարգացման տեսանկյուններից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար կորեական պատվիրակության ղեկավարը նշել է, որ հնարավոր ջանքերը գործադրելու է հայ-կորեական համագործակցության սերտացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հնարավորությունները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Հարավային Կովկասում տարածաշրջանային խնդիրներին: Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատելու դիրքորոշմանը և ակնկալում է գործընկեր երկրների աջակցությունն այս հարցում:

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը Կիհուն Սոնն իր խոսքում անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, նշել է, որ կարևորում է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնումը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ