Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Արարատ Միրզոյան

Հայաստանը հետևողական է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների կատարման և տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այդ նպատակով Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Կցանկանայի ընդգծել, որ վերջնական կարգավորման համար, իհարկե, առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմների ներքո.,- նշեց նա:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում:

«Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան»,- ասաց Մրզոյանը:

Ասուլիսի շրջանակում եզրափակելով իր ելույթը՝ ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնեց, որ առանձնազրույցի ընթացքում Բույար Օսմանիի հետ մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

«Հայաստանը կարևորում է իր հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պատրաստ է հետագայում ևս խթանել մեր երկկողմ օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան