Համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ. Փաշինյան

Հայաստանի և Իրանի միջև առկա ենթակառուցվածքային մի շարք ծրագրերն արդեն իսկ թևակոխել են գործնական փուլ: Պետք է նշեմ, որ այդ ծրագրերը ռազմավարական կարևորություն ունեն Հայաստանի համար: Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրերից է Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը, ըստ վարչապետի, հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը:

«Համոզված եմ, որ 32 կմ երկարությամբ ճանապարհը շահագործման կհանձնվի սահմանված ժամանակահատվածում, և իմ գործընկերոջ հետ առիթ կունենանք նշելու մեր երկու պետությունների հերթական հաջողությունը:

Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ:

Էներգետիկ ոլորտի ընթացիկ կարևորագույն նախագիծը Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծն է: Հարգարժան գործընկերոջս հետ այդ հարցը ևս քննարկեցինք, և ունենք հստակ փոխըմբռնում, որ նախագիծը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվի: Երրորդ գծի շահագործման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել ԻԻՀ»,- ասաց նա:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ