Հակակառուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքար մղելու մեր Կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ: Անցնելով օրակարգային հարցերին, նախ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ հայտարարագրման համակարգը տվել է դրական արդյունքներ վերահսկողության առումով: Համակարգի զարգացման ուղղությամբ արդեն իսկ ներդրվել է էլեկտրոնային նոր համակարգ, որով էլ այս տարի պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձինք լրացնելու են հայտարարագրերը: Տվյալ համակարգում արդեն իսկ ներբեռված են մի շարք տվյալներ և հնարավորություն է տալու առավել պարզ եղանակով լրացնել հայտարարագրերը: Համակարգն ունենալու է տեղեկատվությունը ներբեռնելու հնարավորություն և իրականացնելու ինքնուրույն վերլուծություն:

Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից էապես ավելացել են հայտարարգրերի վերլուծության ծավալները` ռիսկային ցուցանիշների հիման վրա: 2020 թվականի համեմատ նախորդ տարի Գլխավոր դատախազություն առավել քիչ թվով գործեր են ուղարկվել, սակայն ավելացել են վարչական վարույթները:

Նշվել է, որ հանձնաժողովի գործունեությունը և հայտարարագրման համակարգը շարունակաբար բարելավելու նպատակով անհրաժեշտ են օրենսդրական նոր փոփոխություններ:

Կուսակցությունների ֆինանսական վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման ոլորտում ներդրվել են կոռուպցիան կանխարգելող մեխանիզմներ: Կարևորվել է հակակառուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Պատասխանատուները նշել են, որ հակակառուպցիոն կրթության ծրագրեր են ներդրվելու նախակրթարաններից մինչև բուհական համակարգ:

Միաժամանակ, ներկայումս ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման գործընթացը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել բարեվարքության ուսումնասիրություններին, հանրային ծառայությունում շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության, նվերների ընդունման և բարեվարքության հետ կապված այլ հարցերի:

Քննարկման առարկա են դարձել նաև կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգին, վերջինիս հնարավորություններին, առկա խնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին առնչվող հարցեր:

Ամփոփելով` վարչապետը կարևորել է հակակառուպցիոն ոլորտում իրականացվելիք նոր ծրագրերի, համակարգերի զարգացման ու օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման ապահովումը:

«Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հակակառուպցիոն նոր ռազմավարության բովանդակության վրա: Այսօրվա նիստում հնչեցված առաջարկությունները պետք է դառնան ուղենիշ ռազմավարության համար: Հակակառուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար մղելու մեր կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ անգամ մեկ մի միլիմետր»,- ընդգծել է վարչապետը` ավելացնելով, որ պետք է ունենալ հակակառուպցիոն հստակ ստանդարտներ:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է պատկան գերատեսչությունների կողմից մամուլում ներկայացված կոռուպցիոն բնույթի հրապարակումների վերաբերյալ պատշաճ հետաքննության իրականացումը:

«Սա սկզբունքային հարց է, որևէ բան անարձագանք թողնել չի կարելի, պետք է գնանք մինչև վերջ և արդյունքների մասին հանրությանը տրամադրենք տեղեկատվություն»,- նշել է վարչապետը:

Առանձնակի կարևորվել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ քաղաքացիների շրջանում ակտիվ հանրային իրազեկման իրականացումը:

«Ազդարարի ինստիտուտի զարգացմանը պետք է անպայման մեծ ուշադրություն դարձնել և այդ խնդիրը ներառել հակակառուպցիոն քաղաքականության նոր ռազմավարության մեջ»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում