Կրակոց և առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Սուպերմարկետի ցանցի գրասենյակում հայտնաբերվել Է գլխավոր տնօրենի մարմինը

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1/23 հասցեում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի  հիմնադիրներից էր, և  գլխավոր տնօրենն էր։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ դեպք քննչական բաժինը պարզում է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.

«Մահացածը երկար տարիներ առաջ իր ընկերների հետ հիմնադրել է «Բոնուս» սուպերմարկետների ցանցը, որը հանրապետության գրեթե բոլոր մարզերում մոտ 16 մասնաճյուղ ուներ, ու էդ մարդիկ առավոտից իրիկուն իրենց քրտինքով ստեղծում էին բարիք, աշխատատեղեր էին բացել։ Բայց հետո ինչ-որ մարդիկ սկսեցին էս մարդկանց բիզնեսը խլելու գործընթաց։

Էսօր տեսանք, որ ահագին ոստիկաններ ու պարեկներ եկան էստեղ, որից հետո իմացանք, որ նման դեպք է եղել։ Բայց չենք հավատում, էդ մարդն իր ընտանիքը սիրող, մարդու արժեքը գնահատող մարդ էր։ Էլի ենք պնդում՝ չենք հավատում, որ իբրև թե ինքնասպանություն է եղել։ Ոչ մի ինքնասպանություն։ Թող իրավապահները օբյեկտիվ քննություն անեն ու իրականությունը հանեն ջրի երես։ Կյանքը սիրող, բարիք ստեղծող մարդը նման քայլի չէր դիմի»։

 

Related posts

Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան

ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ. Եղոյան

425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն․ հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ