Կստեղծվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ, որը կկառավարի ՀՀ-ում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները

Կառավարությունը 2018-ի համեմատությամբ մի քանի անգամ մեծացրել է սպորտին ուղղվող պետական միջոցները: Երևանում և մարզերում սպորտի զարգացման նպատակով մեծ ինտենսիվությամբ կառուցվում են նոր մարզակառույցներ: Վերջիններիս միասնական գույքային կառավարման, սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ կառավարման նպատակով առաջարկվում է ստեղծել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 16-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Առաջարկվում է նոր ստեղծվող ՓԲԸ-ին հատկացնել Երևանում գործող «Միկա» մարզահամալիրը և Արմավիրի մարզում գործող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Շինարարություների ավարտից հետո այս կառույցի կառավարմանը կհանձնվեն նաև ընթացքում գտնվող մյուս մարզակառույցները:

«Այսիպիսով՝ ընկերությունը կլինի միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոն, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները»,- ասաց նախարարը:

Սպորտի ռազմավարությամբ նախատեսված է, որ բոլոր խոշորացված համայնքները պետք է ունենան տիպային մարզահամալիրներ, մեծ թվով շինարարության գործընթացներ հենց այս պահին ընթացքում են, և, ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս գործընթացի արդյունքում ոչ թե առանձին ՊՈԱԿ-ներ կստեղծվեն, այլ բոլոր գույքերի կառավարումը կհանձնվի վերոնշյալ ՓԲԸ-ին:

Ըստ Անդրեասյանի՝ կլինի նաև կառավարման խորհուրդ, որում կընդգրկվեն շահագրգիռ կառույցների, նաև սպորտի ոլորտի ներկայացուցիչները: Խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ քանի որ սպորտի ոլորտում մեծ ներդրումներ են արվում, այս որոշմամբ հնարավորություն է ստեղծվում, որ ներդրումները կառավարվեն մի կենտրոնից:

«ՓԲԸ-ին պետք է հստակ ուղերձ տանք, որ կառավարել սպորտային ենթակառուցվածքը՝ նշանակում է նաև լավ կառավարիչ գտնել»,- ասաց նա և ուշադրություն հրավիրեց  աշխատանքային քննարկումներում հնչած այն մտահոգության վրա, թե շատ մարզական կառույցների կառավարում պետք է արտապատվիրակվի մասնավոր ընկերություններին՝ դրանով իսկ ներդնելով պետություն-մասնավոր գործընկերության սխեմաներ, հակառակ դեպքում՝ կձախողվի գործը:

Անդրեասյանը արձագանքեց՝ մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափեր պետք է ներդնել, ապա հավելեց՝ մասնավորի կողմից մեծ հետաքրքրություն կա մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման մասով: Մասնավոր ոլորտի մասնագիտացված ընկերությունների կողմից նույնիսկ առաջարկ ու պատրաստակամություն կա՝ համաֆինանսավորման եղանակով մասնակցելու կառուցման բուն գործընթացին:

Related posts

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի