Կուսակրոնության քահանայության ուխտի խախտումը կուսակրոն հոգևորականին կարգալույծ անելու անառարկելի հրամայական է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Յուրաքանչյուր կուսակրոն հոգևորական կուսակրոնությունը ստանձնում է խորանի առաջ ծնկաչոք ստանձնած հետևյալ ուխտով (տե՛ս կցված տեսանյութը, որը համացանցից պատահականորեն վերցված օրինակ է)։

Արարողության վերջում Ուխտագրի տեքստը ստորագրվում է։ (Մեջբերում)․

«Ես տեր Անուն աբեղա Ազգանունս, օրհնությամբն Աստծո և կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում և ուխտում եմ․

Առաջին – Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ Հավատով ու նվիրում ծառայել Հայաստայայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և հայ ժողովրդին։

Երկրորդ – Անաղարտորեն պահել ուղղափառ հայրերից մեզ ավանդած դավանությունը, պահել և ուսուցանել այն մեր եկեղեցու ավանդական հավատքի համաձայն։

Երրորդ – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան մնալ մինչև իմ կյանքի վախճանը, սրբությամբ պահել ժուժկալության, կամավոր աղքատասիրության, կրոնավորական ողջախոհության և հնազանդության հայրապետահաստատ կանոնները, ուրանալ իմ անձը և մնալ սուրբ հայրերի հաստատած կանոնների մեջ։

Չորրորդ – Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով, անձաձրույթ կատարել եկեղեցական պաշտամունքները, ամենայն հնազանդությամբ գործադրել միաբանական ուխտի կանոնները տևապես հետամուտ լինել իմ հոգևոր կյանքի զարգացմանն ու նվիրվել գիտական, գրական և կրթական աշխատանքին, որքան ներեն իմ կարողությունները։

Հինգերորդ – Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին, ինձ վստահված պաշտոնները և աշխատանքները կատարել սիրով և եռանդով։

Որպես երաշխավորություն իմ այս խոստումների, ստորագրում եմ սույն ուխտագիրը» (մեջբերման ավարտ)։

Կուսակրոնության քահանայության ուխտի խախտումը կուսակրոն հոգևորականին կարգալույծ անելու անառարկելի հրամայական է։ Հանգամանքը, երբ շատերը գիտեն ուխի խախտման մասին, բայց լռում են, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմքերը խարխլելու ուղիղ գործելակերպ է։ Անկեղծ պիտի ասեմ, երկար ժամանակ լուրերին, բամբասանքներին չեմ հավատացել, բայց հիմա երբ փաստացի և ապացուցելի գիտեմ, այդ մասին լռելը կլինի սրբապղծություն, համախոհություն մեր Եկեղեցու հիմքերը խարխլողների հետ։

Կուսակրոնության ուխտը խախտածները, տվյալ դեպքում՝ փաստացի ապացուցված դեպքերով Կտրիճ Ներսիսյանը և Սամվել Խաչատրյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասունքներին իրենց պիղծ ձեռքերով դիպչելու իրավունք չունեն և պետք է հեռանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Այս տեքստը Կանոնագրքի կոնկրետ հոդվածներով հիմա չեմ ծանրաբեռնում։ Առաջիկայում, սակայն, հարցին այդ մանրամասներով եւս կանդրադառնամ»։

Related posts

Սամվել Կարապետյանն իրավապահների ուղեկցությամբ դուրս է եկել առանձնատնից և հեռացել

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Իրանը հայտարարել է, որ լիարժեք վերահսկում է Իսրայելի երկինքը․ IRNA