Կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու լուծումը պատվաստումներն են լինելու. Ավանեսյան

Ավելի քան 200 քաղաքացիներ այս պահին սպասում են հոսպիտալացման՝ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ մոբիլիզացվել են հանրապետությունում թթվածին արտադրող բոլոր ընկերությունները, և նրանք այս պահին ամբողջ իրենց ծավալով աշխատում են, որպեսզի ապահովեն բոլոր հիվանդանոցներին թթվածնով:

Նախարարն ընդգծեց, որ այս պահին բոլոր ռեսուրսներն են սահմանափակ՝ թթվածնային, սարքավորումների և ամենակարևորը՝ բուժաշխատողների:

Անդրադառնալով լոքդաուն կիրառելու հնարավորությանը՝ Ավանեսյանը նկատեց, որ երկու տարվա փորձը ցույց է տվել, որ անընդհատ լոքդաուններ հնարավոր չէ կիրառել:

«Դուք գիտեք, որ այս պահին դպրոցները մեկ շաբաթով արձակուրդում են: Քննարկվում է այդ արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով ավելացնելու հարցը, և բուհերը անցել են օնլայն դասերի ռեժիմին: Սա իհարկե օգնելու է, որպեսզի ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում մենք ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք, և երկու շաբաթ հետո թվերի մեղմման հարցում որոշակի արդյունք կարձանագրենք:

Հաջորդիվ պետք է հասկանանք, որ, ի վերջո, այս հիվանդությունը հաղթահարելու և համավարակը հաղթահարելու լուծումը պատվաստումներն են լինելու: Եվ մեր շեշտադրումը շարունակելու է մնալ պատվաստումները լայնածավալ կերպով իրականացնելու քաղաքականությունը: Երրորդիվ պետք է նշեմ, որ դիմակների կրումն այս պահին շատ կարևոր է և՛ հիվանդանոցներում հիվանդացության առումով տեմպը նվազեցնելու, և՛ աջակցելու մեզ, որ մեր համակարգը կարողանա բոլորին, ով հոսպիտալացման կարիք ունի, հոսպիտալացնի»:

Ինչ վերաբերում է բաց տարածքներում դիմակներ կրելու նախագծին, ապա առողջապահության նախարարը նշեց, որ նախագիծն արդեն ուղարկվել է արդարադատության նախարարություն:

«Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կստանանք կարծիքը, և կհրապարակվի, կմտնի ուժի մեջ»,- ասաց նախարարը:

Related posts

ՀՀ-ի սեփականության իրավունքն է վերականգնվել Աշտարակի Օրգով բնակավայրում հողամասի նկատմամբ. վարչապետ

Լաբուբուն՝  որպես խայծ. Խաբեբաները նոր սխեմա են սկսել

Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատ գումարները պահում վրացական բանկերում