Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին. ԵԽ պատգամավորներ

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Ադրբեջանում պահվող հայերի մասին համատեղ հայտարարությամբ: Պաշտոնյաները դատապարտել են 19 հայ պահվող անձանցից 15-ի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռները:

Փաստաթղթում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հաշտեցման ուղղությամբ նշանակալի քայլեր են ձեռնարկվել, ստորագրվել է Վաշինգտոնյան հռչակագիրը, նախաստորագրվել է խաղաղության համաձայնագրի տեքստը, տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով բեռներ են ուղարկվել Հայաստան: Պատգամավորները հիշեցրել են, որ Բաքուն նաև ազատ է արձակել Ադրբեջանում պահվող 4 հայի:

«Հաշվի առնելով այս զարգացումները՝ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին այսուհետ էլ զարգացնել դրական դինամիկան և ազատ արձակել բոլոր հայ կալանավորված անձանց»,- ասված է հայտարարության մեջ։

Պատգամավորները համոզմունք են հայտնել, որ նրանց ազատ արձակումը կլինի բարի կամքի նշանակալի դրսևորում և ևս մեկ կարևոր քայլ՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ուղղությամբ։

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ