Կմեկնարկի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին: «Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»,-ասաց նա: Նախարարը տեղեկացրել է, որ Երևանում իրականացվող երկու ծրագրերով` Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար կհատկացվի 4.1 միլիարդ դրամ: «Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգման համար 5.7 միլիարդ դրամ պետք է հատկացնենք»,-ասել է Գնել Սանոսյանը:

Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին, Արմավիր 26.874կմ, Մ-12 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս, Քարաշեն, Տեղ 16,850կմ, Հ-32 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գյումրի, Վահրամաբերդ 10,684կմ և այլ հատվածների համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքներին, որի համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ հանձնարարականներ է տվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզման եզրին գտնվող պատի և դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման հետ կապված: «Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի 11-րդ դարի է: Եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են տեղադրել, որպեսզի այն չփլուզվի: Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնենք այդ ծրագիրը, հետո, բարեբախտաբար, պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա և պետք է ֆինանսավորում ապահովել: Հնարավորինս արագ պետք է խոյակերտ եկեղեցու պատը նորոգենք: Նաև հանձնարարականներ եմ տվել Բջնիի ամրոցի հետ կապված, քանի որ դա նույնպես մեր երկրի կարևորագույն պատմական մշակութային հուշարձաններից է: Այնտեղ ճանապարհի խնդիր կա, որը շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացվի»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ հիմա նորոգվում է Բջնի-Հրազդան ճանապարհահատվածը, որը տասնյակ տարիներ չվերանորոգված հատված էր. այն էականորեն կակտիվացնի զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում, իսկ հաջորդ տարի կդիտարկվի նաև Աղվերան-Չարենցավան ճանապարհահատվածը:

Կապսի ջրամբարի կառուցման առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: «Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է որ այս նախագիծը շատ հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել, քաղաքաշինական նոր մշակույթ ձևավորենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին», – ասել է կառավարության ղեկավարը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան