Կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման հետ կապված կարգավորումները. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հիշեցրեց՝ 2024 թվականի հուլիսին հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում հեղեղից հետո հայտարարվեց աղետի գոտի, և անհրաժեշտություն առաջացավ քննարկել գետերի հուների մաքրման հարցը:

Ջրային ոլորտում քաղաքականություն իրականացնող իրավասու պետական մարմինների հետ քննարկվել են հեղեղներից հետո ջրային ռեսուրսների, մասնավորապես՝ գետերի մաքրմանն առնչվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Արդյունքում մշակվել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

Մշակված նախագծի սահմանված կարգով շրջանառության նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքով:

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով՝

  • «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը լրացվել է՝ համապատասխանեցվելով «ջրօգտագործում» հասկացությանը.
  • վերացել է ՋԹ վերանայման ժամանակ ջրօգտագործողի կողմից լիազոր մարմին ՋԹ իր օրինակը ներկայացնելու պահանջը, հետևաբար նաև հանվել է վերջինիս չներկայացման համար նախատեսված կասեցման հիմքը.
  • հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության վերանայման մասին ջրօգտագործողին ծանուցումը:

«Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը»,- պարզաբանեց Գաբրիելյանը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ