ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է ուզում «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման  փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման`  Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները: Հանրակրթության պետական չափորոշչի 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն»  առարկան, որի անվանումն առաջարկվում է փոխել «Հայաստանի պատմություն», որն ավելի բնութագրական է առարկայի շրջանակում ուսումնասիրվող նյութի համար, քանի որ հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններն է ընդգրկում:

Առարկան, անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը:  Ուսուցանվող առարկան ներկայացվում է իբրև հավաքական և կազմակերպված հանրություն հանդես գալու պատմություն։ Այս պարագայում պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն առավելապես կարևոր պատմական դերակատարում ունեցած մարդկանց գործունեության մասին պատմություն է, որոշակի իմաստով խթանում է այն գաղափարը, որ պատմությունը նաև առանց պետության և պետականության կարող է ձևավորվել՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների, մասնավորապես պետականամետ քաղաքացու վարքականոնի ձևավորմանը:

Հարկ է նշել, որ մի շարք երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, և փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես՝ Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ուսումնասիրվում է տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակում:

Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան