Կա մի առանձնահատուկ իրավունք, որը կարևոր է շեշտադրել, դա երեխայի մասնակցության իրավունքն է. Վայգանդ

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել խորհրդի նախկին կազմը ներկակացնող երեխաների փորձի փոխանակում նոր անդամների հետ, ներկայացվել են խորհրդի առաքելությունը և նպատակները, վերջին 2 տարիների փորձը, մարտահրավերները, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների հետ երկխոսության ձևաչափով երեխաները քննարկել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կազմակերպված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների տեղակալներ, ԱԺ պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Պաշտպանը հատուկ կարևորել է նման ձևաչափով միջոցառման անցկացումը, երբ երեխաները կարող են պետական պաշտոնյաների հետ համատեղ քննարկել իրենց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, մասնակցել որոշումների կայացմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է հենց այս օրը ձեզ հետ անցկացնելը: Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեզ համար ունի բացառիկ կարևորություն: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է նրանց մասնակցության իրավունքի ապահովումը: Մեր խորհրդի երեխաներն ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը, օրենսդրական նախագծերի ուսումնասիրությանը, անգամ ՄԻՊ տարբեր զեկույցների կազմման աշխատանքներում նրանք ունեցել են ակտիվ ներգրավվածություն»,- ասել է Պաշտպանը:

Երեխաների մասնակցության իրավունքի ապահովման տեսանկյունից Անահիտ Մանասյանը նշել է հատկապես Ժնև կատարած այցը:

«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Այցին ինձ հետ համատեղ մասնակցել են Խորհրդի անդամ երեխաները, որոնց դերակատարությունն այցին առանցքային էր: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտն իմ առաջնահերթություններից է և ես հանձնառու եմ ամրապնդելու ու կատարելագործելու այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր լուծումներ գտնելու միջոցով»,- ասել Պաշտպանը:

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և այս ձևաչափով խորհրդի նիստի կազմակերպմանն աջակցելու համար:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն էլ նշել է, որ կա մի առանձնահատուկ իրավունք, որը կարևոր է շեշտադրել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ, և այն մասնակցության իրավունքն է։

«Մասնակցությունը կարևոր է թե՛ ընտանիքի, թե՛ դպրոցի, և թե՛ համայնքի համատեքստում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի աշխատանքը վերջին տարիներին մարմնավորել է այս գաղափարը, և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հպարտ է, որ իր ներդրումն է ունեցել խորհրդի ստեղծման գործում և պատրաստ է շարունակել աջակցել նոր անդամներին իրենց այս կարևոր գործում՝ զարգացնելու սերունդների միջև փոխըմբռնումը երեխաների համար ավելի լավ ապագա կերտելու գործում», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Նիստի ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը հասարական խորհրդի անդամներին հանձնել է հավաստագրեր և շնորհակալություն հայտնել համագործակցության համար։

Related posts

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի