Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու աշխատողի իրավունքների պաշտպանությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք մշտապես ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով: Ամենօրյա համառ աշխատանքը, անհատական ջանքն ու ստեղծագործական մոտեցումն այն առանցքային բաղադրիչներն են, որոնք հնարավորություն են տալիս գտնել լուծումներ և շարժվել առաջ:

Մեր երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին դիմագրավելու համար մեծապես կարևոր է յուրաքանչյուրիս անխոնջ աշխատանքը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, կրթական, գիտական, մշակութային և մնացյալ բոլոր բնագավառներում:

Վերջին շրջանում մեզ բաժին հասան մի շարք փորձություններ՝ կորոնավիրուսի համավարակ, 2020 թվականի պատերազմ, որոնք դանդաղեցրին մեր առաջընթացը: Եվ, այնուամենայնիվ, համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել այդ ճգնաժամային իրավիճակները: Այդ մասին են վկայում տարբեր ոլորտներում արձանագրված դրական աճը և տնտեսական ցուցանիշները:

Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը շարունակելու է աշխատանքը և ստեղծագործականությունը քաջալերելուն միտված քաղաքականությունը: Մենք շարունակելու ենք հետևողականորեն ծրագրեր իրականացնել՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելու, կրթվելու, գիտելիքներ ձեռք բերելու և հմտություններ զարգացնելու ուղղությամբ: Աշխատող քաղաքացին պետք է լինի օրինակ, հանրային զարգացման ուղենիշ, և կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու աշխատողի իրավունքների պաշտպանությունը:

Սիրելի՛ ժողովուրդ,

Չնայած դժվարություններին՝ մենք պետք է շարունակենք կառուցել մեր երազած հայրենիքը: Միասնական, եռանդուն ու համառ աշխատանքով, որի հենքը յուրաքանչյուրիս անհատական ջանքն է ու նվիրվածությունն իր գործին: Հայը մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ ու տաղանդով, կառուցելու և ստեղծելու իր ձիրքով: Պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին, և մեր աշխատանքով կառուցենք ժամանակակից, զարգացած և օրինակելի պետություն:

Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան